ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շարունակում է իրականացնել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը («Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում»), որին այս տարի կարող են մասնակցել ինչպես համայնքում ակտիվ, այնպես էլ իրենց գործունեությունը նոր սկսած երիտասարդները:
Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների, գործնական նոր կապերի ձեռքբերման, փորձի փոխանակման ճանապարհով, նպաստել Հայաստանի և Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը:
Ծրագիրը մեկամյա է. ընդգրկում է 2025 թ. սեպտեմբեր - 2026 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը և ընթանում է երկու փուլով:
Հայաստանում կանցկացվի երկշաբաթյա դասընթաց` 2025 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 5-ը, մնացյալ ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում:
Հայաստանյան դասընթացի լեզուն հայերենն է։ Այն ունի տեսական և գործնական բնույթ։ Ներառում է դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, փորձի փոխանակման աշխատանքներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, հոգևոր կառույցներ և հիշատակի վայրեր, ՀՀ մարզեր:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մասնակիցները հոգում են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, իրենց հաշվին ձեռք են բերում ճամփորդական ապահովագրություն:
Կազմակերպիչներն ապահովում են նրանց կեցությունը, սնունդը, տեղափոխումը ծրագրի հայաստանյան հատվածի շրջանակներում, մուտքը նախատեսված վայրեր ու հաստատություններ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
I կատեգորիա
Սփյուռքահայ այն երիտասարդների համար, ովքեր ակտիվ գործունեություն ունեն համայնքում (1 տարուց ավելի)
Ծրագրին կարող են դիմել 20-35 տարեկան այն երիտասարդները, ովքեր՝
- առնվազն 5 տարի բնակվում են Սփյուռքում,
- տիրապետում են հայերենին (հասկանում և կարողանում են հաղորդակցվել),
- Սփյուռքի համայնքային և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ են կամ անդամներ, հոգևոր կառույցների ներկայացուցիչներ, համայնքի կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող անձինք,
- ունեն համայնքային ծրագրերի/միջոցառումների ղեկավարման և/կամ համակարգման փորձ։
Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան դառնալու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործընկերները համայնքներում և իրենց ներգրավմամբ կընդլայնեն Սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանցը:
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցը կստանա «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին մասնակցության հավաստագիր։
II կատեգորիա
Համայնքում իրենց գործունեությունը նոր սկսած սփյուռքահայ երիտասարդների համար (մինչև 1 տարի)
Ծրագրին կարող են դիմել 20-35 տարեկան այն երիտասարդները, ովքեր`
- առնվազն 5 տարի բնակվում են Սփյուռքում,
- տիրապետում են հայերենին (հասկանում և կարողանում են հաղորդակցվել),
- վերջին մեկ տարվա ընթացքում անդամակցում են համայնքային, երիտասարդական և հոգևոր կառույցներին,
- ցանկություն ունեն համայնքում իրականացնել իրենց սեփական նախաձեռնությունները և բարելավել իրենց համայնքային գործունեությունը,
- ունեն կամավորական աշխատանքի փորձ:
Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու այլ համայնքների փորձին ու գործունեությանը՝ ձեռք բերելով գործնական հմտություններ և գիտելիքներ համայնքային կյանքի տարբեր ոլորտներում ու աշխատանքներում արդյունավետ ներգրավվածության համար:
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակցին կտրվի Սփյուռքի երիտասարդ առաջնորդների պատրաստման ծրագրին մասնակցությունը հաստատող վկայական:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հայտադիմումներն ընդունվում են 2025 թվականի ապրիլի 7-ից մայիսի 25-ը ներառյալ:
Հայտադիմումը լրացնելու համար սեղմել այստեղ։